Բանաստեղծություններ Նոր տարվա և Ամանորվա մասին

ՁՅՈՒՆԸ
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն, այնքա՜ն քնքշորեն մաղում
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…
Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևի,
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:
Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա՛, պիտի հառաչի՛,
Պիտի որոտա՛ խուլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

*****
Թե ձմռանը, թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը   շուրջպարի:

***
Ամանոր է,Ամանոր,
Ուրախ ասում են-խոսում,
Նոր Տարվա այս տոնին նոր
Ողջ աշխարհն է սպասում:
Հոսում է խինդը վարար,
Զանգակի պես ղողանջում,
Ձեռքի նման փրկարար`
Բարևում է ու կանչում:
Ծիածանի գույներով
Վառվող լույսեր են փնջվում,
Արթնանում է քնից խոր
Ձմեռպապիկն ու հրճվում:
Ձյունանուշի հետ ուրախ
Տոնածառի են գալիս,
Տոնի առթիվ պար ու խաղ,
Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:

ՁՄԵՌ  ՊԱՊ
Պապիկ է,բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից,քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,
Ձմեռպապ է ինքը մանկուց,
Երազանքն ունի երկար:
Տարեմուտի տոնի առթիվ
Նվերներ է բաժանում,
Ու մանկացած պապին այս ժիր
Աշխարհը չի մոռանում:
***
Ձմեռ պապ, տես, չուշանաս,
Նոր տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե ես որտեղ եմ մնում:
Երկար եմ քեզ սպասել,
Մի տարի չես երևում,
Անհամբեր եմ ես դարձել,
Որքան տոնն է մոտենում:
Ես արդեն գրագետ եմ,
Նամակ կարող եմ գրել,
Պապիկ,քեզ որտեղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես  նվեր:
Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ  գիշերով մոտս գաս:

***
Ամանորի գիշերը
Հրաշք կատարվեց,
Իմ երազի սպիտակ ձին
Մոտս հայտնվեց:
Լուսե աստղ ճակատին,
Աչքերում` արև,
Ճերմակ բաշը իմ գրկին
Սլացավ վերև:
Շրջեցինք մենք երկուսով
Երկնքում ուրախ,
Արթնացա քնից խաղաղ
Վաղորդյան լույսով:
Ճերմակ ձիս հոգնած ճամփից
Ննջում էր տանը,
Որ չգնա առանց ինձ,
Կապեմ պարանը:
***
Ճերմակ թամբ ունի բակի
Կարուսելի կապույտ ձին,
Ճերմակ մուշտակը  հագի
Ամպը նետել է գետնին:
Ճերմակ ու լուռ է բակը,
Մանկան ոչ մի ճիչ ու ձայն,
Ձյունառատ գլխի ամպը
Փաթիլվում է դեռ անձայն:
Ձյունը հասել է ծնկին,
Ճամփան փակ է ձիուկի,
Ամպագույն է կապույտ  ձին,
Կորել է առանց հետքի:
ՆՈՐ ՏԱՐԻ
Նոր տարի,նոր տարի
Ձմեռ պապի հետ արի,
Ձյուն լինի, թե` գիժ քամի,
Թող քո ճամփեն զարդարի:
Բեր ինձ նվեր փիղ- շնիկ,
Քաղցրավենիք ու մրգեր,
Կոշկավոր կատու-մկնիկ,
Հեքիաթի գույնով գրքեր:
Արի երգով ու պարով,
Մնա մեր տանիքի  տակ,
Ասեմ քեզ շնորհավոր`
Ձի ունես ու  նոր սահնակ:
ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ
Արի ուրախ դիմավորենք
Ամանորի տոնը բարի,
Ուրախություն, սեր նվիրենք,
Խինդն աշխարհի որ վարարի:
Մենք մեզ սիրենք` բարի հուշով
Ճանապարհենք հին Նոր տարին,
Ու տոների անթիվ հույսով
Դիմավորենք տոնն ու տարին:
Դիմավորենք Ամանորը
Ամենանոր խինդ ու սիրով,
Իմն է, քոնն է այս Մեծ տոնը,
Մեզանով լի գինով` գինով…

ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ
Ձյունե երկու կլոր գունդ,
Մեկը մեկից փոքր ու մեծ,
Մեկ մեկու կպած անփույթ,
Ինչպես ութի երկու կես:
Ածուխե փայլ աչքերին ,
Քիթը  գազար  ծիրանի,
Կարմիր կոճակ բերանին,
Կուլ կտա, թե` կհանի:
Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ
Մարմնին թև են տալիս,
Կանթը պոկված մի ծակ դույլ
Գլխարկի տեղ է գալիս:
Ձնեմարդ է անունը,
Անականջ է իմ  կանչին,
Բակն է մեր նրա տունը,
Խաղընկերն եմ առաջին:

ՀԵՅ, ՁՆԵՄԱՐԴ
Սպասումը շուտ է գարնան տաք արևի,
Երբ  ձնել է սարը,անտառն ու մեր բակը,
Երբ ձնե տոպրակ է  շալակին  ամպերի,
Երբ  քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:
Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,
Պարող փաթիլներ են բակ իջնում խաղալու,
Մանկան ճիչով  է լի  իմ ու օրվա սիրտը,
Ձնագունդ ենք բակում  ուրախ գլորելու:
Գլորվելով պիտի ու ժամով մեծանա
Ձնեգունդն  ու երբ որ մնա դրսում մենակ,
Ինձ  նման   նա պիտի մթից չվախենա,
Ու չպիտի տխրի ՝թե չունենա  սահնակ:
Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`
Եվ անունով կանչի ,-ասի , հեյ, Ձնեմարդ,
-Ասի տեղ չգնաս` տեսադաշտում  մնա,
Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես  կորար:
Ձնեմարդու մոտ դեռ  պիտի գնանք ու գանք,
Պարող փաթիլներ կան  ամպերի  ցուրտ  ներսում,
Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,
Ձմեռվա  ցուրտ  կեսին ինչքան տաք սպասում:
ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵՐ
Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.
Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,
Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,
Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:
Ամանորի գիշերվա բարին լուսանար,
Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,
Ամանորի գիշերը գար ու չգնար,
Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը :
Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,
Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,
Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,
Ամանորի հեքիաթը   իրական լիներ:

ՁՅԱՆ ՓԱԹԻԼԸ ԱՌԱՋԻՆ
Ձյան փաթիլը առաջին
Կորցրեց  ճամփան,
Ճիչը հասավ ականջին
Փիսիկի ու շան:
Ծիտն առաջինը տեսավ
Անկումը նրա,
Իր համար է,- հասկացավ,
Փշրանք է որ կա:
Չթողեց հասնի գետնին`
Իր բաժին հացն էր,
Ինչ ընկեր ծիտը` կատվին,
Շունն էլ հո հավ չէր:
Կտուցին փաթիլն առած
Ծիտն ուրախ թռավ,
Տուն հասավ նա առանց հաց`
Փշրանքն ուր կորավ:

This entry was posted in Ուսումնական նյութեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s